«Գործողության են դրվել F-16 կործանիչները». Էրդողանը հայտարարել է, որ ի պատասխան սիրիական բանակի գործողությունների` «վնասազերծվել» է 30-35 սիրիացի զինծառայող

12:20 • 03.02.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական F-16 կործանիչները շարունակում են պատասխան հարվածներ հասցնել Իդլիբում սիրիական բանակի դիրքերին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:

«Մեր զինծառայողների վրա հարձակումներից հետո, մենք բազմիցս պատասխան ենք տվել: Ներկայիս դրությամբ 46 օբյեկտի հասցվել է 122 հրետանային և 100 ականանետային հարված, գործողության են դրվել F-16 կործանիչները, օպերացիան շարունակվում է: Նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի վճռականությունը, կհասկանան իրենց սխալը: Մենք մտադիր ենք շարունակել մեր գործողությունները»,-ասել է նա լրագրողներին:

Էրդողանի խոսքով` արդեն «վնասազերծվել» է 30-35 սիրիացի զինծառայող:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրականացված հրետակոծության հետևանքով թուրքական զինուժը զոհեր և վիրավորներ ունի` զոհվել է թուրքական բանակի 4 զինծառայող, վիրավորվել` 9 զինծառայող: