Իդլիբում իրավիճակի սրման հետ կապված` Էրդողանը դիմել է Ռուսաստանին

12:35 • 03.02.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պատասխան հարվածներ հասցնել Իդլիբում սիրիական բանակին, և դիմել է Ռուսաստանին` կոչ անելով չկանգնել իրենց ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

«Մեր արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, հետախուզության ղեկավարները կապի մեջ են գտնվում իրենց ռուսաստանցի գործընկերների հետ: Բայց ավելի կարևոր է այն, որ եթե մենք արդյունքի չհասնենք, ես անձամբ գործընկերոջս կասեմ, թե ինչ լուրջ իրավիճակի ենք բախվել: Մեր ռուս գործընկերներին տրվել է «մի՛ կանգնեք մեր ճանապարհին» ազդանշանը»,-հայտարարել է թուրք առաջնորդը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրականացված հրետակոծության հետևանքով թուրքական զինուժը զոհեր և վիրավորներ ունի` զոհվել է թուրքական բանակի 4 զինծառայող, վիրավորվել` 9 զինծառայող:

«Մեր զինծառայողների վրա հարձակումներից հետո, մենք բազմիցս պատասխան ենք տվել: Ներկայիս դրությամբ 46 օբյեկտի հասցվել է 122 հրետանային և 100 ականանետային հարված, գործողության են դրվել F-16 կործանիչները, օպերացիան շարունակվում է: Նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի վճռականությունը, կհասկանան իրենց սխալը: Մենք մտադիր ենք շարունակել մեր գործողությունները»,-ասել է Էրդողանը լրագրողներին:

Էրդողանի խոսքով` արդեն «վնասազերծվել» է 30-35 սիրիացի զինծառայող: