Եթե վիճակն ավելի սրվի, կարելի է դիտարկել հանրաքվեի հետաձգման հարցը. Հրաչյա Հակոբյանը՝ կորոնավիրուսի տարածման մասին (տեսանյութ)

14:55 • 03.03.20

Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետև դեռ մեկ ամիս ժամանակ ունենք, և չգիտենք՝ ինչ ընթացք կստանա կորոնավիրուսի տարածումը կամ նահանջը: Ընթացքից կախված՝ եթե զգանք, որ ապրիլի սկիզբն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց եթե ավելի սրվի, կարծում եմ, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Դիտարկմանը, թե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհել է իշխանությունների՝ վիրուսի տարածումը կանխարգելող գործողություններից՝ նշելով, թե նախապես չեն պատրաստվել, Հակոբյանն արձագանքեց.

«Չեմ ընդունում այդ քննադատությունը, որովհետև ի՞նչ է նշանակում՝ ոչ մի քայլ չձեռնարկեցին: Բոլոր քայլերը ձեռնարկեցինք, ուղղակի, ինչպես տեսնում ենք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափանցել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում: Մենք ՀՀ-Իրան սահմանն էլ փակեցինք, բայց հենց Իրանի հետ շփման արդյունքում եղավ, այլ ոչ, օրինակ, Վրաստանի, որի հետ սահմանը չէինք փակել: Այնպես որ, վերահսկելի է եղել իրավիճակը, բայց ամեն դեպքում վիրուսը կարողացել է ներթափանցել: Մենք տնտեսությունից էլ ենք հասկանում, մեր մասնագետները տնտեսությունից էլ են հասկանում, առողջապահությունից էլ են հասկանում, այնպես որ ամեն ինչ շատ ավելի վերահսկելի է, քան փորձում են խուճապի միջոցով տարածել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դեղատներում դիմակներ չլինելուն՝ Հակոբյանն ասաց, որ թեև ինքն անձամբ դեղատներ չի այցելել՝ դիմակներ գնելու, բայց կարծում է, թե դիմակներ չլինելու մասին հայտարարություններն ուռճացված են:

Հարցին, թե իշխող ուժի ներկայացուցիչներն օրերս կաթողիկոսի հետ հանդիպմանն ի՞նչ հարցեր են քննարկել, և արդյո՞ք անդրադարձ եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրությանը, համաձայն որի՝ հայ առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է, Հակոբյանը պատասխանեց, թե հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ներկայացվել են երկու կողմում եղած մտահոգությունները: «Համենայն դեպս, մենք չէինք կիսում այն կարծիքը, թե եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից մեկն է»,-նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած ակցիային, որի ընթացքում կատարում էին  «Ոչ»-ի «հուղարկավորություն», պատգամավորն ասաց, թե նման երևույթներ ինքը չի ընդունում: