Թուրքիան Իդլիբում սիրիական ռազմական ինքնաթիռ է խոցել

14:29 • 03.03.20

Թուրքական զինված ուժերը Իդլիբում խոցել են սիրիական L-39 ռազմական ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը` հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաստատել է տեղեկությունը: Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ չի հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: