Կրեմլը հաստատել է մարտի 5-ին` Պուտին-Էրդողան հանդիպումը

14:26 • 03.03.20

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Ռուսաստանում կքննարկեն Սիրիայի հակամարտության կարգավորման խնդիրը` հաշվի առնելով Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի սրացումը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Մարտի 5-ին նախագահ Պուտինը բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որը Ռուսաստան կայցելի աշխատանքային այցով: Կքննարկվի սիրիակա կարգավորման խնդիրը՝ հաշվի առնելով Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի ներկայիս սրացումը»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: