Ֆրանսիայում ձերբակալել են կնոջն ու 5 երեխաներին պատանդ վերցրած տղամարդուն

11:16 • 04.03.20

Ֆրանսիայի հյուսիսում իրավապահները ձերբակալել են զինված տղամարդու, որը Լա Շապել Սեն Լյուկ շրջանում պատանդ էր վերցրել իր կնոջն ու հինգ երեխաներին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները գործողություն են անցկացրել  և ձերբակալել զինված տղամարդուն: Ոչ ոք չի տուժել»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Մարտի 3-ին  BMFTV հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հյուսիսային Տրուա քաղաքի շրջանում զինված տղամարդը պատանդ է պահում հղի կնոջն ու 5 երեխաներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ կնոջն ու երեխաներին պատանդի կարգավիճակով պահում էր ընտանիքի հայրը:

Տան շուրջ անվտանգության գոտի էր ստեղծվել, ոստիկանները բանակցում էին տղամարդու հետ: Երբ տանը մոտեցել է ոստիկանների առաջին խումբը, տղամարդը կրակել է նրանց վրա, սակայն ոչ ոքի չի վիրավորել:

Նշվում է, որ դեպքի պատճառ է եղել ընտանեկան վեճը: Հաղորդվում է նաև, որ տղամարդը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի: