Գերմանիան Ռուսաստանին կփոխանցի խորհրդային ռազմագերիների մասին տվյալները
Գերմանիան 2020 թվականի ապրիլին պետք է ռուսական կողմին փոխանցի գերմանական ճամբարներում հայտնաբերված և ԽՍՀՄ ռազմագերիների ճակատագրերին վերաբերող տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրի հայտարարությանը:
Ռուսաստանը և Գերմանիան այդ տեղեկությունների փոխանցման մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս անցած տարվա աշնանը: Հայտնի է, որ խոսքը հարյուր հազարավոր խորհրդային ռազմագերիների և գերության ժամանակ մահացածների մասին է:
Դիվանագետը հույս է հայտնել, որ Մոսկվայի կողմից տեղեկությունները ստանալուց հետո շատ ռազմագերիների ճակատագրերի վրա լույս կսփռվի:
«Սա հաշտեցմանը նույնպես կնպաստի»,- նշել է Անդրեաս ֆոն Գեյրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր էր գաղտնազերծել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ): Դրանք հիմնականում վերաբերում էին ուկրաինացի ազգայնականներին և նրանց առաջնորդ Ստեփան Բանդերային:










