Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա արեցին քաղաքապետարանի դիմաց․ պահանջում էին թույլ տալ կայանել Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

12:34 • 04.03.20

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են լուծել կայանատեղիների խնդիրը:

Վարորդներին հունվարի 25-ից արգելվել է ավտոբուսները կայանել Հանրապետության հրապարակի տարածքում, ինչը առաջացրել է նրանց դժգոհությունը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք 10 տարի շարունակ ավտոբուսները կայանել են հրապարակի տարածքում: Ըստ ակցիայի մասնակիցների՝ գրեթե երկու ամիս չաշխատելու պատճառով իրենք նաև ֆինանսական կորուստներ են կրել:

Վարորդների խոսքով՝ տարիներ շարունակ միայն տոնակատարությունների ընթացքում են արգելել կայանել ավտոբուսները, բայց այժմ ամանորյա տոնակատորություններից հետո ևս չեն թույլատրել կայանել:

Տուրիստական ավտոբուսների վարորդները պահանջում են տրամադրել մի շարքի կայանատեղի, որը չի խոչընդոտի երթևեկությանը, տարածքի տեսանելիությանը, պատրաստակամ են վճարել նաև հարկերը:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, թե դիմում են ներկայացրել կառավարություն, ապա՝ քաղաքապետարան:

Այժմ ակցիայի մասնակիցներն ավտոբուսները պատրաստվում են կայանել հրապարակի չթույլատրված հատվածում՝ ցույց տալու համար, որ որևէ խոչընդոտ չեն ստեղծում ենթևեկության համար: