Իրանում նախարարներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

15:49 • 04.03.20

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի հարցերով նախարար Ռիզա Ռահմանին СOVID-19 նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել, հայտնում է aa.com.tr կայքը:

Նշվում է, որ բարձրաստիճան պաշտոնյային ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն` Իրանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 2336 դեպք, որից 77-ը` մահվան ելքով:

Հայտնի է, որ Իրանում վարակակիրների մեջ շատ են նաև իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ փոխնախագահ Մասումա Իբթիքարը, առողջապահության փոխնախարար Իրեչ Խերիրչին, երկրի շտապօգնության ծառայության տնօրեն Փիրհոսեյն Կուլվանդը, ինչպես նաև խորհրդարանի 23 պատգամավոր:

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանը հայտնել է վարակման 129 դեպքի մասին, ինչը հունվարի 20-ից հետո ամենացածր թիվն է: Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:

12 երկրներ հայտնել են վարկման առաջին դեպքերի մասին, ինչպես նաև 21 երկրում կա վարակման ընդամենը մեկ դեպք: Կորոնավիրուս չի գրանցվել 122 երկրում: Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի օջախը Չինաստանի Ուհան քաղաքում է: