ՌԴ-ն արգելել է պաշտպանիչ դիմակների և բժշկական այլ ապրանքների արտահանումը երկրից

14:12 • 04.03.20

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից բժշկական ապրանքների արտահանումը: Համպատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:

Մասնավորապես խոսքը վերաբերում է պաշտպանիչ դիմակներին, որոշ ախտահանող և հակավիրուսային միջոցներին, պաշտպանիչ ռեսպիրատորներին, կոշկագուլպաներին (բախիլներ) և մի շարք այլ ապրանքներին:

Տեղեկությունների համաձայն` արգելքը չի վերաբերում մարդասիրական օգնությանը, ինչպես նաև քաղաքացիների կողմից մեկանգամյա և անձնական օգտագործման ապրանքները երկրից դուրս բերելուն: Փաստաթղթում նշվում է, որ արգելքը կգործի մինչև սույն թվականի հունիսի 1-ը:

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանը հայտնել է վարակման 129 դեպքի մասին, ինչը հունվարի 20-ից հետո ամենացածր թիվն է: Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեսայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:

12 երկրներ հայտնել են վարկման առաջին դեպքերի մասին, ինչպես նաև 21 երկրում կա վարակման ընդամենը մեկ դեպք:

Կորոնավիրուս չի գրանցվել 122 երկրում:

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի օջախը Չինաստանի Ուհան քաղաքում է: