«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

11:54 • 04.03.20

Եթե դուք կարծում եք, որ դատական խնդրահարույց համակարգը ենթարկում եք ռեսթարտի, ապա պետք է հիասթափեցնեմ ձեզ, այս նախագծի փաթեթը բնավ չի լուծում արդար դատարանի խնդիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից»: Նա հարց բարձրացրեց, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները փորձառության հոմանիշ բերում կոռուպցիոները, բեզպրեդելը, հովանավորչությունը:

Մենք ինչու ենք վիրավորում մի ամբողջ համակարգի, ես մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգը ախտահարված է, բայց ինձ թույլ չեմ տվել բոլորին դնել նույն զամբյուղի մեջ և ասել՝ դուք կոռուպցիոներ եք»,-ասաց նա և նշեց, որ այս նախագծում կատարյալ խառնաշփոթ է տեսնում:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար խնդրահարույց է մնում դատական գործերի ձգձգման խնդիրը: «Այս պահին դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում Արթուր Մեխակի Շահինյանը՝ երկու երիկամը չի աշխատում, և նրան երկու-երեք օրը մեկ տեղափոխում են դիալիզի»,-ասաց նա:

Պատգամավորը տեղեկացրեց, որ Միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, որ հիվանդությունը անհամատեղելի է նրա պատիժը կրելու հետ, բայց դատարանը կրկին մերժել է պատժից ազատել: «Նրա երիկամները չեն աշխատում, միջգերատեսչական հանձնաժողովն ասել է՝ կմեռնի: Դուք էլ գիտեք, որ այս պահին դատապարտյալների հիվանդանոցում էլ ոտքը կտրած, էլ  ձեռքը կտրած, մեր ներկայությամբ շաքարը չափում են, ապարատը տրաքում է: Հիմա հասկանանք՝ այս մարդկանց խնդիրը ոնց ենք լուծելու, ինչու են այս դատավորները վախեցած, ահաբեկված, սա էլ է պրոբլեմ, որ մի մասի մեջ այնքան է գրաքննիչը նստած, որ վախենում են վճիռը կայացնելուց, որ իրեն չմեղադրեն կոռուպցիայի և հովանավորչության մեջ»,-ասաց նա: