Տնօրեններն այնքան զայրացած են, որ պատրաստ են նույնիսկ փողոց դուրս գալ, հուսով ենք՝ բանը դրան չի հասնի, և կառավարությունը կլսի մեզ. Լիլիթ Ղազանչյանը՝ ԳԱԱ-ում ստեղծված իրավիճակի մասին
Մենք հիմա բուռն քննարկումներ են անցկացնում ԳԱԱ-ում, մեր առջև ծառացել է խնդիր, անորոշություն են մեզ առաջարկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ղազանչյանը:
Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԳԱԱ-ում անորոշ վիճակ է, գիտնականներին առաջարկել են քվեարկել ինստիտուտների՝ ակադեմիայի կազմում մնալուն դեմ կամ կողմ:
«Մենք տեղյակ չենք, թե հետագայում ինչ է լինելու, եթե ինստիտուտները դուրս գան համակարգից: Գրեթե բոլոր ինստիտուտները քվեարկել են, որ մնան ակադեմիայի կազմում: Մեր ինստիտուտում անցկացրեցինք քվեարկություն և ամբողջ անձնակազմը որոշեց մնալ ԳԱԱ-ի շրջանակներում: Չնայած՝ մենք բոլորս կողմնակից ենք բարեփոխումներին, բայց այդ բարեփոխումներըպետք է տեղի ունենան սահուն, համակարգված և ակադեմիան պետք է նաև աջացկի ինստիտուտներին: Մեր առաջարկությունների մեջ դա է նշված, որ զբաղվի մեր ֆոնդերի հայթայթմամբ: Այսինքն՝ վերադասը պետք է սկսի օգնել ֆոնդեր հայթայթել գիտական հետազոտությունների համար»,- ասաց նա:
Ղազանչյանը անդրադարձավ ԳԱԱ-ի ամենակարևոր երկու խնդրի, որը, նրա խոսքով, առաջարկվող բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով լուծում չի ստանում, այդտեղ էլ անորոշություն է:
«Ունենք հայցորդներ ու ասպիրանտներ, սակայն այս օրենքի նախագծով ինստիտուտների ձեռքից վերցվելու է այդ հնարավորությունը և փոխանցվելու է բուհերին: Հայցորդության ինստիտուտի մասին ընդհանրապես շոշափված չէ այդ օրենքի նախագծում, ինչը խնդիր է հարուցում այն երիտասարդ գիտակաների համար, որոնք ուզում են և՛ աշխատել, և՛ գիտությամբ զբաղվել: Հայցորդությունը օգնում է ինստիտուտին ձևավորել արտաբյուջե: Երբ հայցորդության ու ասպիրանտուրայի գաղափարը վերցնում են գիտական ինստիտուտի ձեռքից, այդ ինստիտուտին զրկում են գիտական կադրեր կրթելու հնարավորությունից: Իսկ դրանից որոշ ժամանակ անց կառավարությունը կամ նախարարությունը կարող է մեզ հանգիստ ասել՝ իսկ դուք ինչո՞վ եք զբաղվում, չե՛ք կրթում ապագա գիտնականներ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գիտնականներին դեպի բուհ տանելուն՝ Ղազանչյանը նշեց, որ մեծամասնությունը համատեղում է, և՛ բուհերում է դասավանդում, և՛ գիտությամբ է զբաղվում: «Այսինքն՝ այսպես թե այնպես գիտությունը տանում են բուհ, գրեթե բոլոր ինստիտուտներում էլ նույնն է: Գիտնականը գիտելիքը տանում է արդեն բուհ, այստեղ խնդիր չեմ տեսնում: Ես անձամբ դասավանդում եմ երկու բուհում, և գիտահետազոտական աշխատանք եմ անում, և տնօրեն եմ»,- նշեց Ղազանչյանը և հավելեց, որ մասնավոր և պետական բուհերի հետ իրենց ինստիտուտն ունի կնքած մի շարք պայմանագրեր, որոնց շրջանակներում և՛ ասպիրանտեր, և՛ հայցորդներ, և՛ ուսանողներ են իրենց մոտ գնում, սեմինարներ են անցկացնում: Այդպիսով, ըստ նրա, կապը բուհի և ակադեմիայի միջև չի խզվում:
«Միգուցե նախարարությանը սխալ և թյուր տեղեկություն է հասել, որովհետև այդ խնդիրը ես չեմ տեսնում: Մենք պայմանագրեր ունենք գիտական և կրթական հաստատությունների հետ, որոնք գտնվում են արտասահմանում: Մենք դրսի հետ էլ ենք կապեր ստեղծել, դրսից էլ են մասնագետներ գալիս մեզ մոտ պրակտիկա, փորձի փոխանակում անցկացնում»,- շեշտեց Ղազանչյանը:
Հարցին՝ երբևէ բարձրագույն կրթության մասին նախագիծը քննարկվե՞լ է ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հետ, նա ասաց, որ իրենց հետ անմիջական քննարկում չի եղել: «Ակադեմիայի նախագահությունն է նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպել միայն, նրանք մեզ կտեղեկացնեն քննարկման մասին: Դեռևս ամռանը դիտարկումներ ենք ներկայացրել նախարարություն, դա մնացել է օդում կախված: Շատ հարցեր մնացել են օդում կախված ակադեմիայի վերաբերյալ: Ես հարցադրումներ եմ տվել ԿԳՄՍՆ աշխատակիցներին, նրանք չեն կարողանում բացատրություններ տալ, թերի է այդ օրենքը, այդպես չի կարելի ընդունել այն»,- շեշտեց բանախոսը:
Անդրադառնալով հարցին՝ եթե գիտնականների ձայնը լսելի չլինի և այդուհանդերձ որոշեն ինստիտուտները միացնել համալսարանին, նա արձագանքեց. «Վերջին անգամ, երբ տնօրենների ընդհանուր ժողով եղավ, տնօրեններն այնքան զայրացած էին, որ պատրաստ են նույնիսկ փողոց դուրս գալ, սակայն ինձ թվում է՝ բանը դրան չի հասնի, և կառավարությունը մեզ կլսի: Պետք է հարցը քննարկվի, ինձ չի թվում՝ մեզ չեն լսի: Պետք է քննարկումները շարունակվեն, մենք բաց ենք քննարկումների համար»:
Դիտարկմանը՝ խոսքի սկզբում նշեց, որ պետք է առաջարկությունների փաթեթ ներկայացնեն, ինչի՞ մասին է խոսքը, Ղազանչյանն ասաց. «Այո, ակադեմիան առաջարկների փաթեթ է կազմում, որ ներկայացնի նախարարություն: Հանձնաժողով է ստեղծվել և առաջարկներ պետք է ներկայացնենք: Վաղը տեղի կունենա քննարկում տնօրենների ընդհանուր ժողովում: Այդ ամենը հապճեպ է արվում, որովհետև արդեն արդարադատության նախարարությունն է զբաղվում, գոնե երկու հոդվածի շրջանակներում առաջարկություն ներկայացնենք, որովհետև ժամանակ չունենք: Բայց սա մեկ շաբաթվա խնդիր չէ, գոնե մեկ ամսվա հնարավորություն պետք է տրվի»,- նշեց նա:
Ղազանչյանի հույսն այն է, որ կառավարությունն իրենց ձայնը կլսի և չի գնա նման կտրուկ գործողությունների, չի փակի ինստիտուտները: «Հույս ունեմ մեզ կլսեն, հույս ունեմ, որ այնտեղ գիտակից մարդիկ են և հակված չեն քանդել ակադեմիական համակարգը: Ես հասկանում եմ, որ նրանք ուզում են բարեփոխումներ իրականացնել, բայց ոչ մի այլընտրանք չեն առաջարկում. այսինքն՝ եթե ինստիտուտները դուրս գան համակարգից, ի՞նչ եք դուք առաջարկում կոնկրետ. ակադեմիայի նախարարության հանդիպման ժամանակ այդ հարցին նախարարը չի պատասխանել: Նրանք ասում են՝ դուրս եկեք, մենք ձեզ կուժեղացնենք, կհզորացնենք, բայց ինչպես է դա տեղի ունենալու, ոչ մի իրավական փաստաթուղթ չկա մշակված այդ ուղղությամբ, նույնիսկ այդ օրենքի նախագծում նշված չէ»,- ասաց նա:
Ղազանչյանը միևնույն ժամանակ նկատեց, որ, իհարկե, խնդիրներ բոլոր ինստիտուտներն ունեն, նաև իրենց ինստիտուտն ունի, բայց ինքը տնօրեն նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում կարողացել է երիտասարդացնել ինստիտուտը. «Ինչ ինձնից ուզել են, ես դա արել եմ, ֆինանսավորում եմ ճարել, դե, թողե՛ք աշխատենք, տեսնենք՝ ինչ է լինում հետո»,- ընդգծեց նա:










