Դեռևս միանշանակ չէ, որ Նեթանյահուն կձևավորի աջակողմյան կառավարություն, եթե այն ձախակողմյան լինի, ապա Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման համար նոր հեռանկարներ կբացվեն․ Արմեն Պետրոսյան

22:16 • 05.03.20

Մարտի 2-ին Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցության հաղթանակը դեռևս չի նշանակում, որ կառավարությունը կարող է  ձևավորվել նրա ղեկավարությամբ։

Tert.am-ի հետ զրույցում  այս մասին ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, գործող վարչապետի կուսակցության հաղթանակն անակնկալ չէր, այդ մասին փաստում էին վերջին շրջանում արված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։

«Մինչ այդ, երբ դեռ նոր հայտարարվեցին հերթական խորհրդարանական ընտրությունների մասին, բարձր էր ընդդիմադիր «Քահոլ Լավան» կուսակցության վարկանիշը։ Բայց քարոզարշավի ժամանակ Նեթանյահուն աստիճանաբար կարողացավ վերադարձնել հավասարակշռությունը, անգամ՝ առաջ անցնել»,- ասաց նա։

Նեթանյահուի հաջողությունը, ըստ Արմեն Պետրոսյանի, մի քանի պատճառներով է պայմանավորված․ երկրի ներսում առկա մի շարք խնդիրների լուծման հարցում ավելի առարկայական գործողություններով, ընդդիմադիր ուժի սխալ քարոզարշավով, Նեթանյահուի՝ Իրանի նկատմամբ տարվող նպատակաուղղված քաղաքականությամբ, ԱՄՆ-ի կողմից՝ նրան ցուցաբերված անվերապահ աջակցությամբ և այլն։

«Խոսքս վերաբերում է «Դարի գործարք» գործարք անվանումը ստացած ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագրին, որը Թրամփը ներկայացրեց Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ: Միացյալ Նահանգների նման իսրայելամետ քաղաքականությունը և աջակցությունը պայմանավորված էր հենց Նեթանյահուի անձով»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը, խոսելով նոր խորհրդարանի հնարավոր քաղաքականության մասին, մատնանշեց, որ պետք է նախ հաշվի առնել՝ դեռևս միանշանակ չէ, որ Նեթանյահուին հաջողվելու է կազմել կառավարություն։ «Չնայած որ իշխող «Լիքուդ» կուսակցությունը հաղթել է, բայց աջակողմյան և կրոնական կուսակցություններին չի հաջողվել պարզ մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, այսինքն՝ ստանալ 61 մանդատ։ Նրանք ունենք դեռևս 58-ը և պակասում է 3 մանդատ։ Ներկայումս քայլեր են ձեռնարկվում ընդդիմադիր ձախակողմյան ճամբարը տրոհելու և այնտեղից առանձին գործիչների կոալիցիա բերելու ուղղությամբ, ինչը դեռևս արդյունք չի տալիս»,- ասաց նա։

Բենիամին Նեթանյահուի համար, ըստ արաբագետի, մեկ այլ խնդիր էլ կարող է առաջ գալ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու ճանապարհին․ ընդդիմադիր «Քահոլ Լավան» կուսակցությունն առաջ է քաշում մի օրինագիծ, որը թույլ չի տալիս քաղաքական այն գործիչներին, որոնց նկատմամբ կա հարուցված քրեական գործ՝ ստանձնել վարչապետի պաշտոնը։

«Եթե այս օրինագիծը ևս ընդունվի, Նեթանյահուի՝ կառավարություն ձևավորելու լիազորություններն արդեն օրենքի ուժով կբացառվեն»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ իրավիճակը պարզորոշ կդարձնի ընդդիմադիր, Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի որոշման արդյունքում։ «Նրա կուսակցությունը ընտրությունների արդյունքում ստացել է 7 մանդատ։ Ապագա կոալիցիոն կառավարությունը կձևավորի այն ճամբարը, որին կմիանա Ավիգդոր Լիբերմանի կուսակցությունը»,- մատնանշեց նա։

Այս ամենը հաշվի առնելով, ըստ Արմեն Պետրոսյանի, դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ արտաքին, տարածաշրջանային քաղաքականություն է վարելու Իսրայելն ընտրություններից հետո։ «Միանշանակ է, որ Իրանի դեմ գործողությունները, ցանկացած կառավարության պարագայում, առաջնահերթ են լինելու»,- ասաց նա։

Նրա կարծիքով՝ տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի և պակաս պայթյունավտանգ չի դառնա, եթե Իսրայելի կառավարության ղեկավարը կրկին Բենիամին Նեթանյահուն դառնա։

Նրա՝ Իրանի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքում իրավիճակը սրվեց։ Նեթանյահուի և ընդհանրապես աջակողմյան կոալիցիայի դիրքորոշումը միշտ ծայրահեղական է եղել և առավելապես ռազմական միջոցներով խնդիրները լուծելու տրամաբանությամբ, ինչը չի կարելի ասել ձախակողմյան ուժերի մասին։ Պաղեստինաիսրայելական հակամարտությունում բոլոր փոխզիջումները և հաջողությունները հնարավոր է եղել արձանագրել, երբ կառավարությունը գլխավորել է ձախակողմյան գործիչ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե այն դեպքում, երբ դեռ ձևավորված չէ Իսրայելի կառավարությունը, և իրավիճակը լարված է Մերձավոր Արևելքում, արժե՞ր, որ Հայաստանը որոշում ընդուներ և իր դեսպանատունն ունենար Թել Ավիվում՝ Արմեն Պետրոսյանը պատասխանեց․

«Հայ-իսրայելական հարաբերությունները չպետք է պայմանավորել կառավարության ձևավորմամբ, այդ թվում՝ Հայաստանի դեսպանատան բացումը։ Մենք ունենք հստակ խնդիրներ, և Իսրայելում մեր դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը բխում է մեր շահերից՝ անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն է այդ երկրում»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը, այնուամենայնիվ, նկատեց, որ եթե կառավարությունը լիներ ձախակողմյան, Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման համար ավելի մեծ հեռանկարներ կբացվեն։

«Նեթանյահուի կառավարությունն ունի այլ առաջնահերթություններ, որտեղ Իսրայելի անվտանգության ապահովումն է։ Այնպիսի խնդիրներ են օրակարգում, որոնք որևէ կերպ չեն նպաստում Հայաստան-Իսրայել հարաբերությունների  զարգացմանը․ չկան քաղաքական ընդհանրություններ երկու երկրների՝ հատկապես արտաքին քաղաքական ուղեծրում։ Այդ ուղեծրում նշանակություն է ստանում Ադրբեջանը, և Իսրայելի կառավարությունը նրա հետ ավելի մեծ սիրով է աշխատում»,- ասաց նա։


Հռիփսիմե Հովհաննիսյան