Մ6 ճանապարհի՝ Ալավերդիով անցնող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

16:42 • 05.03.20

Մ6  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Ալավերդի քաղաքի տարածքով անցնող շուրջ 180 գծամետր երկարությամբ հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը‚ սկսել է փորձնական ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Տեղադրված շերտի փորձարկման դրական արդյունքների դեպքում ասֆալտապատումը կշարունակվի։ Հակառակ պարագայում կկատարվեն ասֆալտբետոնե խառնուրդի կազմի կամ տեղադրման տեխնոլոգիայի փոփոխություններ։

Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես‚ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառուն կառուցել է նաև ջրահեռացման խողովակներ‚ բետոնե վաքեր, հենապատեր և դեկորատիվ պատեր, տեղադրել է բազալտե եզրաքարեր‚ կատարվել են այլ աշխատանքներ։

Հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են Մ6 միջպետական ճանապարհի նաև մյուս հատվածներում։