Վազգեն Սարգսյանի և Եռաբլուրում հանգչող տղաների ձեռքբերածը պիտի կարողանանք ամրացնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով. Արամ Սարգսյան
Այն Հայաստանը, որը կուզնար տեսնել Վազգեն Սարգսյանը, այն է, որ միանշանակ հայանպաստ լուծում ստացած լիներ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, ով, ի թիվս այլոց, Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ այցելել էր Եռաբլուր:
Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանը կյանքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին:
«Նա զինվոր էր մինչև 1998 թվականի վերջը, դրանից հետո նոր դարձավ քաղաքական գործիչ։ Վազգենին իր կենդանության ժամանակ որևէ մեկը սպարապետ չէր կոչում ու չէր էլ կարող կոչել, որովհետեւ ինքը թույլ չէր տա, համեստ մարդ էր։ Պատերազմ անցած տղաներից որեւէ մեկից իրեն չէր գերագնահատում։ Համարում էր, որ իրենցից յուրաքանչյուրը, ով իր կյանքը տվեց Արցախյան ազատամարտին ով ողջ մնաց կամ վիրավորվեց, ամենակարևորն էր այդ պատերազմում ու յուրաքանչյուրի բացակայությունը չէր բերի այն հաղթանակը, ինչը կարող էր բերել։ Ինքը կարողացավ այդ անհատականություններին ամբողջականացնել, ձևավորել բանակ, որն էլ հաղթանակ բերեց, ու ինքը շատ դիպուկ է բնորոշել. «Այս պատերազմին տվեցի ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն»»։
Արամ Սարգսյանի խոսքով՝ Արցախյան պատերազմում Վազգեն Սարգսյանի և Եռաբլուրում հանգչող տղաների ձեռքբերածը պիտի կարողանանք ամրացնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով:
Արամ Սարգսյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանը չէր սիրում, որ կենացներ էին ասում, առավել ևս չէր սիրում, երբ իր կենացն են խմում:
«Հենց մեկը կենաց էր բարձրացնում, ասում էր՝ վերջացրու, անցի առաջ կամ երգում էր»,-
մանրամասնեց նա:










