Արմավիրի մարզում անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել Աղավնատուն գյուղի 36-ամյա բնակչի ուղղությամբ. վերջինս հոսպիտալացվել է. shamshyan.com

19:15 • 05.03.20

Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը եղել է Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա են եղել կրակոցի մի քանի հետքեր:

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Հարությունյանը վերջերս է վերադարձել Հայաստան և նա Ռուսաստանում հայտնի գործարար է: