Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի

16:06 • 05.03.20

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի, հայտնել է Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը, գրում է ria․ru-ն։ 

Ավելի վաղ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման երեք դեպք էր գրանցվել, վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է:

«Իրանից վերադարձած երեք անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել», - հայտնում է շտաբը:

Նշվում է, որ վարակվածներից մեկը Գերմանիայի քաղաքացի է, երկուսը՝ Ադրբեջանի քաղաքացի։

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ներկա պահին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերը հատել են 3000-ի շեմը. բուժվել է ավելի քան 52 000 մարդ: Վարակակիրների թիվն անցել է 80 հազարը: