«Բաքվում կինը մահացել է թոքաբորբից, և ոչ թե կորոնավիրուսից». Ադրբեջանում հերքել են լուրը
Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբն ու հանրապետության գլխավոր դատախազությունը հերքել են լուրը, թե օրերս մահացած Բաքվի բնակչուհին մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Վերջին օրերին մի շարք ԶԼՄ-ներում և սոցցանցերում հասարակության մեջ խուճապ առաջացնելու նպատակ հետապնդող անձինք ձայնային հաղորդագրություն էին տարածել, իբր երրորդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում COVID-19 վիրուսից մեկ մարդ է մահացել»:
Փետրվարի 29-ին Բաքվի բնակչուհի, 1994 թվականին ծնված Նազաքեթ Ռամազանովայի` թոքաբորբի պատճառով մահվան փաստով երրորդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում ոստիկանության և դատախազության աշխատակիցները տեղի և դիակի զննում են կատարել:
Ռամազանովայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դիակից վերցված անալիզները, ըստ հաղորդագրության, մահացածի մոտ ոչ մի վարակային հիվանդություն չեն հայտնաբերել:
Փաստի առիթով շրջանային դատախազությունը հետաքննություն է իրականացնում:










