Բրյուսելում ադրբեջանցի քաղվտարանդի է ձերբակալվել
Մարտի 4-ի առավոտյան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ձերբակալվել է ադրբեջանցի քաղվտարանդիների «Ադրբեջանի ժողովրդավարության համար շարժում» (AND) կազմակերպության անդամ Ֆուադ Աքպերովը: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
Ձերբակալության հիմք է հանդիսացել Ադրբեջանի հարցումն Ինտերպոլին:
Աքպերովը հանձնվել է բելգիական ոստիկանությանը:
Կազմակերպությունն Ադրբեջանի իշխանությունների այս քայլը գնահատում է որպես վերջիններիս կողմից անհանգստություն կազմակերպության գործունեության առնչությամբ, որն աստիճանաբար համախմբում է ադրբեջանցի քաղաքական վտարանդիներին:
Կազմակերպությունում կարծում են, որ Աքպերովի նկատմամբ մեղադրանքները հորինված և քաղաքականորեն ուղղորդված են:
AND-ում նշել են նաև, որ չնայած Աքպերովն Ադրբեջանի քաղաքացի է` նա քաղաքական ապաստան է ստացել Գերմանիայում, և նրա արտահանձնումը Բաքու անհնար է:
Կազմակերպությունն իր հայտարարությունն ուղարկել է Բելգիայի ներքին գործերի նախարարությանն ու Ինտերպոլին:










