Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է արձանագրվել: Այդպիսով, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստան» գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:
Վերջինիս խոսքով՝ այսօր բացահայտված դեպքերը բոլորը Իտալիայից միևնույն չվերթով ժամանած ուղևորներն են:«Դրանք իրար առնչվող դեպքեր են, մեկ ընտանիքի ներսում: Նրանք հանդիպել են Իտալիայում և անցած կիրակի վերադարձել Վրաստան: Բոլորը միջին տարիքի են»,- ասել է Գամկրելիձեն:
Բոլոր 9 հիվանդներից ներկա պահին միայն մեկի մոտ է հիվանդությունը ծանր ընթանում: Խոսքը 44-ամյա տղամարդու մասին է:
Ներկա պահին երկրում 162 մարդ կարանտինի մեջ է գտնվում՝ կորոնավիրուսի կասկածանքով:
Հիշեցնենք, որ Վրաստանում ավելի վաղ հայտնել էին կորոնավիրուսով վարակման 4 դեպքի մասին:










