Այսինքն՝ ինչ-որ տեղ իմ հանձնարարականից դուրս ինչ-որ գաղտնի բաներ են կատարվել. վարչապետին զայրացրեց այն, որ սուրճի և այլ վճարային ապարատների մասին իր վաղուց տված հանձնարարականը չի կատարվել
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստին անդրադարձավ արդեն վաղուց ներկայացրած իր հանձնարարականին: «Խոսքը մեր գերատեսչությունում տեղադրվող տարբեր ապարատների մասին է՝ վճարումների, սուրճի ապարատների: Ես հանձնարարական էի տվել, որ այդ գործառույթները իրականացվեն մրցույթներով, այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, որ պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով արվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո կարծես թե դեպք ենք ունեցել, որբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության, որքան ես հասկանում եմ, որ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոքի վիճակ է, բայց ես կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնենք, մի հատ տեսնենք այդ տարբերակով հետարքրքվող կա, թե չկա»,-ասաց նա և տրամաբանական չհամարեց, երբ տարածքը օգտագործվում է սեփական բիզնեսի համար և վճարում չի կատարում:
Նա հիշեց, որ այս թեմայով էլի առանձին-առանձին ուղղություններով հանձնարարականներ է տվել 2018 թվականի հուլիս-օգոստոսից, բայց այսօր իմանում է, որ այդ հարցերը կարգավորված չեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը:
Վերջինս ասաց, որ սրանից մեկ տարի առաջ է հնչեցրել հանձնարարականը: Նա նշեց, որ եթե ինքը հանձնարարական է տալիս, ինչ կապ ունի՝ կառավարության որոշմամբ ինչ կա: «Կա որոշում, բերեք այդ որոշումը փոխեք, չեղյալ համարեք: Պարո´ն Աղաջանյան, գիտեք՝ շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս և դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք և ամբողջովին կատարված չէ, սա ինչ է նշանակում»,-ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանը շարունակեց պարզաբանել, որ այդ խնդիրը ի հայտ է եկել բոլորվին վերջերս, երբ երկրորդ անգամ այդ հարցը վարչապետը հիշեցրել է: Նա նշեց, որ 95 տոկոսով հանձնարարականը կատարվել է:
Վարչապետը, արձագանքելով, ասաց.«Շատ լավ բառ եք ասում՝ ի հայտ է եկել, այսինքն` ինչ-որ տեղ իմ հանձնարարականից դուրս ինչ-որ գաղտնի բաներ են կատարվել, որը մեր վերահսկողությունից դուրս է: Ես հիմա հրապարակային, բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են որևէ սուրճի, վճարումների որևէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ, և դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն, եթե, իհարկե, այլ հանգամանք չպարզվեն, որ լավ չեմ ըմբռնում»,-ասաց նա:
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ այդ գործառույթը իրենք են իրականացնում և աստիճանաբար փոխում են, սակայն վարչապետը շարունակեց խիստ արձագանքել: «Կներեք, աստիճանաբար քանի՞ տարի կարող է տևել, կարող է տասը տարի տևի ձեր աստիճանաբարը: Մեկ տարի է՝ հանձնարականը տվել եմ, ասում եք՝ աստիճանաբար փոխում ենք, աստիճանաբար մի փոխեք, միանգամից փոխեք»,-ասաց նա: Վարչապետն ասաց, որ այդ խնդրի մասին տեղեկացել է քաղաքացու նամակից:










