Բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահոված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով. վարչապետ
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստին անդրադարձավ բանկերում հերթ կանգնելու խնդրին և նշեց, որ բանկերում հերթ կանգնելու կուլտուրան պետք է ապահովել: «Բանկային գաղտնիքի մասին օրենքի հետ կապված այդքան քննարկում, վիճում էինք, բայց բանկում մարդու բանկային գաղտնիքը ապահոված չէ, քանի որ շրջապատված է հետաքրքրասերների հայացքներով»,-ասաց նա:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ բանկերում այդ հարցը լուծվել է և նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում՝ օնլայն, հեռախոսներով վճարումներ կատարելու: Վարչապետը կոչ արեց բջջային հեռախոսով վճարումներ անել, ոչ թե գնալ, հերթ կանգնել: Նա նշեց, որ այդ ուղղությամբ ևս հանձնարարականներ տվել է, բայց չի տեսնում այդ հանձնարարականի կատարման ընթացքը: Վարչապետը կոչ արեց պատրաստել հոլովակներ, որ տեսնեն, թե ինչպես քաղաքացին կարող է տանը նստած, օնլայն գործիքներից օգտվել:
Վարչապետը նշեց, որ Մաշտոցի պողոտայում հարյուրավոր մարդկանց հետ շփվել է, որոնց մեջ տասնյակներ են եղել, ովքեր չեն իմացել, որ ապրիլի հինգին հանրաքվե է նշանակվել: «Ստացվում է, որ այդ ծրագրերը անում ենք ոչ թե մարդկանց կյանքը լավացնելու համար, այլ որովհետև գրանտ ենք ստացել, կամ վարկ կա, պետք է արագ ծախսենք և գրենք, որ ծրագիրը կատարված է, տեղյակ չեն մարդիկ, և այդ չտեղեկացվածության մեղավորը մենք բոլորս ենք»,-ասաց նա:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երեք ամիս առաջ մի հոլովակ էր նկարահանվել՝ անկանխիկ վճարումների հետ կապված, և սոցիալական ցանցերում լայն տարածում էր ստացել, և մինչև 100 հազար դիտում է ունեցել: Վարչապետը հակադարձեց. «100 հազարը համարում եք լայն տարածո՞ւմ, լայն տարածումը այն է, երբ դա կունենա 15, 20 միլիոն դիտում, քանի որ մարդը չորս անգամ նայի, որ կարողանա այդ գործիքը օգտագործել»: Նա հորդորեց այնպես տարածել, որ այդ հոլովակը ունենա 20, 30 միլիոն դիտում:
«Մի հատ էլ, խնդրում եմ, ռազմավարություն մշակեք, թե ինչ անենք, որ ես իմ հանձնարարականին 2, 3, 4, 5, 6-րդ անգամ չանդրադառնամ»,-ասաց վարչապետը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ բանկային համակարգում կա մի խնդիր, պայմանավորվել են լուծել. այսօր կանխիկ տրամադրվող ծառայությունները ավելի էժան են, քան անկանխիկ, և պետք է հակառակը լինի: «Դրա պատճառն այն է, որ իրենց եկամուտի աղբյուրը կանխիկ է, քանի որ աշխատավարձների մի ստվար հատված կա, որ կանխիկ ենք տալիս: Դա նաև քաղաքակրթության հարց է, բանկում կոմունալ վճարելը խայտառակություն է քաղաքակրթական իմաստով»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ դա նույնն է, որ գնաս ընտրությունների և քարոզարշավ չանես:
«Մենք ասում ենք, մենք լսում: Մի տարի հետո ասում են, թե փուլ-փուլ անում ենք, ձեր փուլ-փուլ անելը մինչև 2053 թիվը կտևի: Ես դնում եմ հետևյալ խնդիրը՝ լայնածավալ քարոզչական արշավ սկսել բոլոր էլեկտրոնային հարթակների ուղղությամբ և չդադարեցնել, սկսել հիմա և չավարտել այնքան ժամանակ, մինչև դրա ավարտի վերաբերյալ հատուկ արձանագրում չլինի»,-ասաց վարչապետը:
Վարչապետը հետաքրքրվեց, որ եթե ինքը 1011 դրամի էլեկտրաէներգիա է սպառել, և եթե ապարատից վճարում է անում, կարո՞ղ է այնտեղ պարզվի, որ գրված է 1012 դրամ: Արթուր Ջավադյանն ասաց՝ այո և դրա պատասխանատուն այդ շտեմարանը ստեղծած գերատեսչությունն է, իսկ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը բացառեց, որ նման բան կարող է լինել:
Վարչապետը, անդրադառնալով բենզալցակայաններում առկա խնդիրներին, նկատեց, որ բազմաթիվ ոլորտներ կան, որ տուգանվելը ձեռնտու է: «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն»,-ասաց նա և նշեց, որ տուգանքները այնպես պետք է լինի, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առաջ:










