Նախագծով սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել հեռավար կրթություն իրականացնելու մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բոլոր խմբակցությունները հեռավար կրթության ձևակերպման հետ կապված խնդիրներ են տեսել: Մենք աշխատեցինք և վերաձևակերպեցինք, որ հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, հանվել է այլընտրանքային ձևը, որպեսզի դպրոցների համար պատրվակ չդառնա, որ ամբողջությամբ անցնեն հեռավար կրթության»,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: «Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը»,-ասաց նա:










