ՊՆ փոխնախարար Բալայանը շատ փոքր ֆիգուր է իրավապաշտպանների վրա մատ թափ տալու համար. լավ կլինի՝ նա դիմում գրի, հեռանա, որովհետև իր տեղում չէ. Նինա Կարապետյանց (տեսանյութ)
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը շատ փոքր, նվազ ֆիգուր է իրավապաշտպանների վրա մատ թափ տալու համար: Այս մասին Կառավարության դիմաց սևազգեստ մայրերի բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
«Նա դեռ այդքան ճանապարհ չունի անցած: Անգամ խիզախություն չունի անուններ նշելու, որովհետև խիզախ սպան կարողանում է չխուսափել պատասխանատվությունից, կարողանում է անուններ նշել և կարողանում է այդպիսի մարդկանց պատասխանատվության ենթարկել: Քանի դեռ չի մեծացել պարոն Բալայանն այնքան, որ անուններ տա, այդպիսի իրավապաշտպանների պատասխանտվությանը հետամուտ լինի, լավ կլինի՝ դիմում գրի, հեռանա, որովհետև նա իսկապես իր տեղում չէ»,- նշեց Նինա Կարապետյանցը:
Հիշեցնենք, որ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրավապաշտպանները փորձում են զոհվածների հարազատներին հրահրել որոշակի գործողությունների՝ հավելելով, թե շուտով իրավապահները կսկսեն զբաղվել նրանցով. «Որոշ իրավապաշտպաններ քայքայիչ գործունեություն են իրականացնում և հրճվում են բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքով»,- հայտարարել էր փոխնախարարը:
Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրենց պայքարի ամենակարևոր արդյունքն այն է, որ շուրջ մեկ ամիս է՝ զինված ուժերում չկա նոր զոհ:
«Մեր շարժմանը հետևել են փակ, գաղտնի հանդիպումներ, երբ հանդիպել են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Բայց այդ հանդիպմանն ինչ-որ հանդիպումներ են ձեռք բերվել, որի արդյունքում նոր պարոն Բալայանը համարձակվել է այսպիսի հայտարարություն անել»,- ասաց իրավապաշտպանը:










