ԵԿՄ գործելաոճը կփոխվի, գործընթացներ են ընթանում. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ-ն բանակի կազմում ներառելու մասին

13:13 • 05.03.20

Հեղափոխությունը շատ վաղ անցյալում չի եղել, նոր է եղել, և մենք ձգտելու ենք ապրել այն Հայաստանում, որ, ինչպես Վազգենն էր նշում, 21-րդ դարը մերը լինի: Այս մասին Եռաբլուրում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը ԵԿՄ անդամների հետ այցելել էր Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ:

«Մենք քայլ-քայլ գնում ենք դեպի այն Հայաստանը, որը երազում էր թե´ Սպարապետը, թե´ մեր ժողովուրդը: Բնականաբար, մենք երբեք չենք հուսահատվում, կարողացանք իրոք ծնկի բելել մեր թշնամուն: Ինչպես նշում էր Սպարապետը, այս երկրի սահմանները գծվել են արյամբ և պետք ամրապնդվեն քրտինքով: Կամաց-կամաց պիտի աշխատանքներ տանենք, ամեն մի հայ իր բաժին բեռը վերցնի, որ ապրենք ձեր նշած երկրում (Վազգեն Սարգսյանի երազած) »,-ասաց նա:

Սասուն Միքայելյանն ասաց, որ հաշվի առնելով տարածաշրջանում զարգացումները՝ խոշոր գերտերությունների վերադասվարումները, պետք է ամեն պահ ձեռքներս զարկերակին պահենք, պատրաստ լինենք տարբեր զարգացումների:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությանը՝ Սասուն Միքայելյանն ասաց.

«Ճանաչում եմ Ջալալ Հարությունյանին, շատ լուրջ զինվորական է: Փոփոխություններ միշտ էլ կլինեն տարբեր բնագավառներում, և կամաց-կամաց պետք է իրենց գործի մեջ ունակ մարդիկ ղեկավարեն տարբեր բնագավառներում: Կարեն Աբրահամյանի ժամանակ նորմալ բանակ ենք ունեցել, և փոփոխությունը չի նշանակում, որ էն մարդիկ թերացումներ ունեն. լավին փոխարինում ենք ավելի լավով»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ծրագրեր կա՞ն ԵԿՄ-ն բանակի կազմում ներառելու վերաբերյալ, Սասուն Միքայելյանն ասաց, որ օրերս ԵԿՄ մարզային կառույցների նախագահների հետ ժողովի ժամանակ օրակարգում եղել է ԵԿՄ գործելաոճի փոփոխության հարցը:

«Ձեր ասածը հենց, չեմ ուզում փակագծեր բացել, ԵԿՄ-ն պետք է լինի ռեզերվային լուրջ ուժ բանակի թիկունքում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ աշխատանքներ են ընթանում ԵԿՄ-ի գումարտակ ստեղծելու ուղղությամբ:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և մտահոգություններին, թե կարող են ընտրակեղածարություններ լինել, Սասուն Միքայելյանն ասաց.

«Վստահորեն հավատացնում եմ, որ ոչ մի ընտրակեղծարար չի լինելու։ Երևի հանրապետության առաջին հանրաքվեն է լինելու, որ անցնելու է ժողովրդավարական հիմունքներով և առանց խախտումների»,- ասաց Միքայելյանը։