Ոստիկանները քրգործի շրջանակներում են գործողություն իրականացրել՝ ունենալով անձին ձերբակալելու որոշում. Ոստիկանությունը՝ «Վստրեչի Ապերի» տներում կատարվածի մասին
Արամ Վարդանյանի ( հայտնի է որպես «Վստրեչի Ապեր») փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղեկացրել էին, որ այսօր գիշերը ոստիկանները առանց թույլտվության ներխուժել են Արամ Վարդանյանին պատկանող տներ։
Tert.am-ի հարցին, թե ինչ գործողություններ է կատարել Ոստիկանությունը և ինչու, Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին.«Կոնկրետ քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում»:
Հիշեցնենք, որ փաստաբանները հայտնել էին.«Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»:










