Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում. Արմեն Սարգսյան
Ինձ քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` պատասխանելով լրագրողների այն դիտարկումներին, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելու համար իրեն քննադատում են:
«Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետեւ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որը ես ստորագրում եմ ընդամենը Սահմանադրության օրը նշանակելու համար, և եթե ես չստորագրեմ, միևնույն է, հանրաքվեն նշանակվելու է»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ երբ քննադատողները խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին ընդհանրապես, ինքը պատրաստ է քննարկում անցկացնել նրանց հետ:
«Ընդ որում, ձեր նշած քննադատողներից շատերին՝ մի մեծ խմբի, հրավիրեցի նախագահական, չեկան»,-եզրափակեց Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ խոսքը սույն թվականի ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին է, համաձայն որի՝ հանրաքվեով որոշվելու է Սահմանադրական դատարանի յոթ դատավորների պաշտոնավարման հարցը:










