Ի նշան ԱՆ՝ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշման դեմ բողոքի՝ կենտրոնի աշխատակիցները նստացույց են անում Կառավարության դիմաց (տեսանյութ)

11:07 • 05.03.20

13։20

Ի նշան ԱՆ՝ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշման դեմ բողոքի՝ կենտրոնի աշխատակիցները նստացույց են անում Կառավարության դիմաց։




13։18

Տնտեսվարողները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում․ նշում են՝ «Աշտարակ կաթ» ընկերությունը խարդախություն է անում՝ վնասելով փոքր ու միջին բիզնեսին։ Տնտեսվարողները նշում են, որ վճարել են ընկերությանը կաթնամթերքի դիմաց, ինչը ժխտում է ընկերությունը։ Վերջինս դատի է տվել մի շարք խանութների։


12։28

Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում նաև զոհված զինվորների ծնողները։ Նրանց հետո է նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Վերջինս նկատում է, որ բանակում կատարվողի վերաբերյալ լրատվամիջոցներին լռեցնելու միտում կա։

12:02

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ են իրականացվել կենտրոնի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից. «Նա ասել է՝ մի հատ ինձ ցուցակ ներկայացրեք, թե ով է գնացել ակցիա իրականացնելու: Նաև պահանջ է ներկայացվել՝ հավաքել բոլոր աշխատակիցների անձնական հասցեները՝ ինչ հարցի համար, պարզ չէ»,- նշեց այսօր աշխատակիցներից մեկը:

Այսօր էլ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները նաև հայտարարեցին, որ փետրվարի 28-ին աշխատանքի ազատման դիմում ներկայացվելուց հետո սպառնալիքներ են հնչել իրենց հասցեին:

«Երբ ուրբաթ օրն ազատման դիմումները գրեցինք, բավականին արագ հայտնվեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը և հայտարարեց, որ բժիշկների կողմից խմբով ազատման դիմում գրելը քրեորեն հետապնդելի է»,- հայտնեց մեկ այլ աշխատակից:

11։35

Երեկ հերթական անգամ համոզվեցինք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միացման ամբողջ գործընթացը, որը նախաձեռնել է նախարարությունը, հիմնված էր կեղծ փաստարկների և սուտ ինֆորմացիայի վրա: Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցներից մեկը:

«Երեկ նախարարը ԱԺ ամբիոնից նորից ներկայացրեց սուտ տեղեկություն՝ խեղաթյուրելով մեր բողոքի իմաստը: Մեջբերում էր մեզ, որ մենք հայտարարում ենք՝ վերադարձրեք մեզ մեր տնօրենին, ինչի մասին ոչ մի անգամ չենք խոսել: Նորից եմ ուզում կրկնել, սա տնօրենի պայքար չէ, որովհետև տնօրենը չի ուզում այլևս աշխատել»,- ասաց աշխատակիցը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բողոքի պատճառ է դարձել Առողջապահության նախարարության որոշումը, որով նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին։

Կենտրոնի աշխատակիցները հայտարարում են, որ մեկ տարի շարունակ դիմել են Առողջապահության նախարարությանը միացման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ ծավալելու համար, բայց արհամարհվել են. «Այսպիսի արհամարհական վերաբերմունք երբևիցե բուժաշխատողները չեն տեսել»:


11։07

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանց բողոքի պատճառել է դարձել ԱՆ որոշումը, որով նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին։


Բողոքի ակցիային կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։