Թուրքիայում պատգամավորները Սիրիայի հարցի քննարկման ժամանակ ծեծել են միմյանց (տեսանյութ)
Մարտի 4-ին Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցը քննարկելու ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչն իր ելույթում Թուրքիայի նախագահին անվանել է ստոր և անազնիվ և մեղադրել է նրան թուրք զինվորականներին պատերազմի մեջ ներքաշելու համար` այն պարագայում, երբ նախագահի որդիները խուսափում են զինվորական ծառայությունից:
Լսելով այս խոսքերը` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները ծեծկռտուք են սկսել, ինչի հետևանքով մի քանի պատգամավոր հայտնվել է գետնին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանն այդ ժամանակ հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է լարված մնալ:










