Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

15:50 • 06.03.20

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրը:

«Անցած մեկ օրում հաջողվել է հայտնաբերել 1234 նոր դեպք, ինչը ռեկորդ է: Վարակակիրների ընդհանուր թիվը` նոր տվյալները հաշվի առնելով, 4747 է»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Նա հավելել է, որ նման աճը կապված է կենտրոնների թվի աճի հետ, որտեղ կարելի է կորոնավիրուսի թեստ հանձնել: 

Ըստ լրատվամիջոցների` երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 124-ի:

Ջահանփուրի խոսքով` վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաքային շրջանում:

Իշխանությունները չեղարկել են պարապմունքներն ուսումնական հաստատություններում մինչև մարտի 20-ը` Նովրուզը, ինչից հետո սկսվում են արձակուրդները:

ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից դուրս 85 երկրում:

Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից Չինաստանում մահացել է 3015 (31 մարդ` մեկ օրում) և ամբողջ աշխարհում` 267 մարդ (53 մարդ` մեկ օրում):

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: