Առաջին ընթերցմամբ ընդունվեց հրապարակային բռնության քարոզը, այն արդարացնելը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը
Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծերը:
Նախագծով առաջարկվում է հրապարակային բռնության քարոզը, այն արդարացնելը քրեականացնել: Նախագծին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21: ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը և Արման Աբովյանը նշեց, որ կներկայացնեն իրենց առաջարկները: «Լուսավոր Հայաստանը» նախաձեռնությանը կողմ քվեարկեց, սակայն նշեց, որ հաջորդ ընթերցումներին իրենք ևս կներկայացնեն առաջարկություններ:
Հիշեցնենք, ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելիությամբ, հաշմանդամությամբ, կամ այլ գործոններով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակային արդարացնելու, կամ քարոզելու համար։ Երեկ նախագիծը բուռն քննարկման էր ենթարկվել Ազգային ժողովում:
Ազգային ժողովը ընդունեց նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 114 ձայնով: Այն ներկայացրել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:










