Սաուդյան Արաբիան Իրանին է մեղադրել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման և այս հարցում ցուցաբերած «անպատասխանատու պահվածքի» համար
Սաուդյան Արաբիան մեղադրել է Իրանին տարածաշրջանում և աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման համար: Մեղադրանքը երկիրը հիմնավորում է նրանով, որ Թեհրանը որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի քաղաքացիների անձնագրերում Իրան կատարած այցելությունների վերաբերյալ նշումներ չանել: Այս մասին հայտնում է սաուդական SPA ազգային լրատվական գործակալությունը:
«Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի անպատասխանատու պահվածքը, որը սաուդցի քաղաքացիներին թույլ է տվել երկիր մտնել առանց սահմանը հատելու վերաբերյալ անձնագրային նշման այն դեպքում, երբ աշխարհում նոր կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Այսկերպ Իրանն ուղղակի պատասխանատվություն է կրում կորոնավիրուսով վարակման դեպքերի, աշխարհում վիրուսի տարածման և մարդկանց կյանքերի համար վտանգ ստեղծելու համար և վնասում է այս հիվանդության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ գործակալությանը հայտնել է երկրի իշխանությունների ներկայացուցիչը:
Գործակալության զրուցակիցը Իրանից պահանջել է հայտնել այն սաուդցիների անունները, որոնք փետրվարի 1-ից սկսած գաղտնի այցելել են այդ երկիր: Թագավորության իշխանություններն իրենց քաղաքացիներին, որոնք վերջին շաբաթների ընթացքում եղել են Իրանում, կոչ են արել դիմել բուժհաստատություններ: Իշխանության ներկայացուցիչը նաև սպառնացել է լուրջ պատժի ենթարկել բոլոր նրանց, որոնք կհամարձակվեն խախտել Իրան այցելելու արգելքը:
Սաուդյան Արաբիան հինգշաբթի հայտնել էր, որ կորոնավիրուսի վարակման դեպք է հաստատվել ևս 3 մարդու մոտ, որոնք Իրանից վերադարձել են Քուվեյթի կամ Բահրեյնի ճանապարհով: Թագավորության տարածքում վարակվածների թիվը հասել է 5-ի:










