2 օր հետո շատերը Մարտի 8-ը կնշեն, ծաղիկներ կնվիրեն կանանց, բայց ավելի կարևոր է, որ Ոստիկանության, Դատախազության դերը վերաիմաստավորվի, որ բռնության դեպքեր չլինեն. Հ. Դանիելյան (տեսանյութ)
Երեկ ՀՀ-ում գրանցվել է ընտանեկան բռնության հերթական զոհը: Այս մասին այսօր Ազգային ժողովում մտքերի փոխանակման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով Գյումրիում ծեծի ենթարկված կնոջ մահվան և աղջկա ծանր վիճակին:
«Գյումրիում ծեծի ենթարկվելուց և ըստ Դատախազության տվյալների՝ 8 ժամ այդ վիճակում մնալուց հետո հայտնաբերվել է կնոջ դի և նրա 13-ամյա աղջիկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդաց»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ սա 2020 թվականի արդեն երրորդ զոհն է: «Ճիշտ այնպես, ինչպես մենք ունենում ենք անթույլատրելի մեծ թվով միջադեպեր բանակում, նույն տրամաբանությամբ բռնությունը ընտանիքում անթույլատրելի է:
Ընդամենը երկու օր հետո մեզանից շատերը Մարտի 8-ը կնշեն, փուչիկներ, ծաղիկներ կնվիրեն կանանց, կենացներ կասեն, բայց մինչդեռ շատ ավելի կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեր պատկան մարմինների՝ Ոստիկանության, Դատախազության դերը պետք է վերաիմաստավորվի, որ նման դեպքեր տեղի չունենան, և բռնությունը իրապես արմատախիլ արվի մեր հասարակությունից»,-ասաց նա:










