Սիրիական Իդլիբի դեէսկալացիայի գոտում ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների կողմից ձեռք բերված հրադադարի ռեժիմը
Սիրիայի Իդլիբ նահանգի դեէսկալացիայի գոտում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, որը համաձայնեցվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի կողմից, պաշտոնապես ուժի մեջ է մտել մարտի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:01-ին (երևանյան ժամանակով՝ 01:01-ին): Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
Երկրի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է հանդիպման արդյունքները և երկու պետությունների համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ «իդլիբյան դեէսկալացիայի գոտում ներկայիս շփման գծի երկայնքով 2020 թ. մարտի 6-ի 00:01 րոպեից սկսած» ռազմական բոլոր գործողությունները դադարեցվում են:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:ՌԴ ղեկավարը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որում շարադրված են այն որոշումները, որոնք ընդունվել են ավելի քան 6 ժամ տևած քննարկումների ժամանակ:
Փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը՝ սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծելը Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնելը М-4 մայրուղու երկայնքով:
Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել է փետրվարի 27-ից ի վեր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, որին հակահարված են տվել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ են հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 36 թուրք զինվորական է մահացել:
Ռուսական կողմն այդ տեղեկությունն ստանալուն պես քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, իսկ ռուսական ավիացիան այդ շրջանում չի կիրառվել, ինչպես նշում են ռուսական գերատեսչությունից:










