Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման 29 դեպք է հաստատվել. Նյու Դելիում փակվել են տարրական դպրոցները
Հնդկաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 29 դեպք է գրանցվել՝ մտավախություն առաջացնելով, որ աշխարհի՝ բնակչության թվաքանակով երկրորդ ամենամեծ երկիրը կարող է լրջորեն բախվել վիրուսի համաճարակի խնդրին:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի առողջապահության նախարարին, վարակվածներից երեքին հաջողվել է բուժել: Հիվանդացածները հիմնականում Իտալիայից վերադարձած ճանապարհորդներն են:
Երկրի իշխանությունները խորհուրդ են տվել զգուշություն դրսևորել, սակայն տագնապային իրավիճակ չեն հայտարարել: Կառավարությունը որոշում է կայացրել ստուգման ենթարկել երկիր ժամանող բոլոր ուղևորներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Նյու Դելիում մինչև մարտի 31-ը փակվել են տարրական դպրոցները՝ պայամանվորված կորոնավիրուսով հիվանդների թվի աճով:
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 95 000-ը, մահացածներինը՝ 3300-ը:










