Քիմ Քարդաշյանը հերթական այցն է կատարել Սպիտակ տուն՝ Թրամփի հետ քրեական արդարադատության համակարգի բարեփոխումները քննարկելու նպատակով (տեսանյութ)

12:17 • 06.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 4-ին Սպիտակ տանն ընդունել է ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցերը, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել երեք կանանց հետ, որոնց նա վերջերս ազատություն էր շնորհել, գրում է abcnews.go.com-ը:

Քիմ Քարդաշյանին, ըստ հաղորդման, ուղեկցել է Էլիս Մերի Ջոնսոնը, որի ցմահ դատավճիռը 2018 թվականին իրապատում շոուի աստղի ջանքերով չեղարկել էր Թրամփը։ Այնուհետև Ջոնսոնը Թրամփին խնդրել էր մեղմել ևս երեք կանանց՝ Թայնիս Նիկոլ Հոլի, Քրիստալ Մունյոսի և Ջուդիթ Նեգրոնի դատավճիռները, որոնք Ջոնսոնի բանտակիցներն էին եղել:

Կանայք առաջին անգամ Թրամփի հետ հանդիպել են չորեքշաբթի կայացած հանդիպմանը։

Քիմն առաջիկա հանդիպման մասին տեղեկացրել էր իր թվիթերյան էջում։

Քարդաշյանը քանիցս հանդիպումներ է ունեցել Թրամփի և նրա փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ, որը գլխավորում է Սպիտակ տան քրեական արդարադատության բարեփոխմանն ուղղված միջոցառումները՝ Թրամփին կոչ անելով ներում շնորհել Ջոնսոնին և բարեփոխումներ իրականացնել ներման գործընթացում։