«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը (լուսանկարներ)
Մարտի 5-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի բնակելի գոտու տեղազննության արդյունքում հայտնաբերել են ներնետված, թափանցիկ, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար ամրացված են եղել մետաղական պտուտակներ։
Ինչպես տեղեկացնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 6 գրամ քաշով, թմրամիջոց հանդիսացող «B8» մակնշմամբ, փշրված և կոտրատված, սուբուտեքսի նմանվող դեղահաբեր։
Միաժամանակ քրեակատարողական հիմնարկի ծառայողների և ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների օպերատիվ համագործակցության արդյունքում հաջողվել է հայտնաբերել թմրամիջոցով փաթեթն արտանետած անձին, որն անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության համապատասխան բաժին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։










