Հակառակորդը զորավարժության պատրվակով զորքի տեղաշարժից հետո կարող է անցնել ռազմական գործողության, բայց կլռեցվի. պահեստազորի գնդապետ

12:13 • 06.03.20

Դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելը ցույց է տալիս, որ ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է դիվերսիոն հետախուզական «Էլիտար» ստորաբաժանումներին ամեն վայրկյան արժանի հակահարված տալ և դուրս շպրտել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Էս պահին սահմանին վիճակը դժվարանում եմ գնահատել և´ աշխարհաքաղաքական, և´ տարածաշրջանի առումով, գուցե մեկ մարտական խնդիր է դրված եղել, էդ մարտական խնդիրը հակառակորդը փորձել է լուծել: Այսինքն՝ լոկալ նշանակության գործողություն է եղել, որը չի հաջողվել լուծել: Եթե ներթափանցումների փորձերը որոշակի պարբերականություն ունենան,  այդ ժամանակ կարող ենք գնահատել, համապատասխան հետևություններ անել, թե ինչ հանգամանքների, ինչ իրողությունների հետ կարող է կապ ունենալ»:

Պահեստազորի գնդապետը հիշեցրեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացնում, զորքի որոշակի տեղաշարժ կա, ինչը նշանակում է, որ մենք պետք է բարձրացնենք զգոնությունը:

«Ցանկացած ռազմական գործողություն կարող է զորավարժությունների պատրվակով զորքերի տեղաշարժից հետո կենտրոնացնել ինչ-որ ուղղություններում և հետո ռազմական գործողություն սկսել: Հայկական կողմը հետևում է, և´ սարքերը ունենք, և´ հետախուզությունն է աշխատում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են: