Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ

23:31 • 06.03.20

Այսօր` մարտի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Ռուսաստանի առաջնորդը տեղեկացրել է Սիրիայի նախագահին երեկ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իդլիբի հարցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Պուտինը նշել է, որ այդ պայմանավորվածությունների կատարումը թույլ կտա կայունացնել իրավիճակը շրջանում:

Ասադը բարձր է գնահատել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև անցկացված բանակցությունների արդյունքը և երախտագիտություն է հայտնել Պուտինին ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է հասնել համաձայնության Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, արդեն իսկ ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատվել է հավատարմությունը՝ միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելու, համաձայնություն էր ձեռք բերվել մարտի 5-ի լույս 6-ի կեսգիշերից ողջ շրջանում զինադադարի հաստատման մասին, կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ, մարտի 15-ից սկսել համատեղ պարեկություն Սիրիայի М-4 տարածքի շրջանում։