Ռուս-թուրքական ճեղքում. Էրդողանը պատվով նահանջի շանս ստացավ
Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է հասնել համաձայնության Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, արդեն իսկ ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատվել է հավատարմությունը՝ միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելու, համաձայնություն էր ձեռք բերվել մարտի 5-ի լույս 6-ի կեսգիշերից ողջ շրջանում զինադադարի հաստատման մասին, կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ, մարտի 15-ից սկսել համատեղ պարեկություն Սիրիայի М-4 տարածքի շրջանում։
Այսպիսով՝ Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը, որը սրվել էր փետրվարի 27-ից ի վեր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ էին բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, ինչին հետևել էր սիրիական բանակի հակահարվածը, որի հետևանքով զոհվել էին 36 թուրք զինվորական, կարծես թե հաջողվում է վերահսկողության տակ պահել՝ խուսափելով ռուս-թուրքական տոտալ բախման հեռանկարից: Իհարկե, ոչ մի պարագայում չի կարելի գերագնահատել Մոսկվայում կողմերի միջև ձեռք բերված համաձայնության արժեքը, քանի որ այն, ըստ էության, միջանկյալ բնույթ է կրում, բայց այն, որ կողմերին հաջողվել է հրադադարի փաստաթուղթ ստորագրել, ինչ-որ բաների շուրջ պայմանավորվել մի իրավիճակում, երբ տոտալ էսկալացիան գրեթե անխուսափելի էր թվում, արդեն իսկ յուրատեսակ ճեղքում կարելի է համարել:
Մոսկվայում ստորագրված հուշագիրն, իհարկե, բացառապես ինչ-որ մեկի բարի կամքի արտահայտությունը չէր. Թուրքիան փաստացի ստիպված է եղել սեղմել Պուտինի ձեռքը՝ ելնելով առաջին հերթին այն օբյեկտիվ իրավիճակից, որ այժմ ստեղծվել է Մերձավոր Արևելքում, ու որի պատճառով, փաստորեն, այդ երկիրը կանգնել է գրեթե անլուծելի մարտահրավերների առաջ: Ի՞նչ էր տեղի ունեցել հուշագրի ստորագրմանը նախորդող օրերին:
Նախ Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցին ընդառաջ գրավվել էր ստրատեգիական նշանակություն ունեցող Սարաքեբ քաղաքը, քաղաք էին մտել ռուսական ռազմական ոստիկանության ուժերը: Սիրիայում ռուսական ռազմական ուժերի ղեկավարը հայտարարել էր, որ չեն երաշխավորում Իդլիբում թուրքական ավիացիայի անվտանգությունը: Ոչնչացվել էին 6 թուրքական (իսրայելաթուրքական համատեղ արտադրության) անօդաչու սարքեր, կիրառվել էին «ТОЧКА-М» հրթիռներ՝ կորուստներ պատճառելով ահաբեկիչ զինյալներին: Ի պատասխան վերջերս սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կողմից կազմավորված զորամիավորումների դեմ օրերս իրականացրած թուրքական հարձակման (դրանք բաղկացած են հիմնականում Աֆղանստանից ու Պակիստանից բերված փուշտուներից ու աֆղաններից) Իրանը, ըստ որոշ աղբյուրների, հայտարարել էր թուրքերի դեմ ծանր հրետանի կիրառելու, ինչպես նաև նրանց դեմ սիրիական հողում ուղղակի բախման մեջ մտնելու պատրաստակամության մասին: Մյուս կողմից՝ Չինաստանն էր շտապել ՄԱԿ-ում իր միանշանակ աջակցությունը հայտնել Ռուսաստանին, մարտի 3-ին էլ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Մերկելի ու Պուտինի միջև, որի ընթացքում քննարկվել էին իրավիճակը Սիրիայում ու Լիբիայում. Եվրոպային բացարձակապես ձեռնտու չէ ծավալվող իրադարձությունների անկանխատեսելիությունը՝ նկատի ունենալով նույն փախստականների անկառավարելի հոսքի գործոնը, որն արդեն իսկ լրջագույն խնդիրներ է առաջ բերել Եվրոպայում: Հետաքրքիր է, որ սիրիական կառավարությունն ու մարշալ Խաֆթարն էին համագործակցության պայմանագիր կնքել ընդդեմ Լիբիայում թուրքական ռազմական ագրեսիայի, ինչը մեծագույն հարված է Լիբիայում թուրքերի ունեցած նկրտումների ու պլանների ուղղությամբ և կարող է փաստացի տապալել Էրդողանի լիբիական արշավը:
Պետք է արձանագրել, որ իրավիճակը Թուրքիայի համար միանշանակ չէ: Հրադադարը հաստատվում է սիրիական կառավարական ուժերի՝ վերջին շրջանում ձեռք բերած հաջողությունների ֆոնին՝ կամա-ակամա ամրապնդելով Ասադի դիրքերը: Ի դեպ՝ վերջինս չի բացառել Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև թշնամանք չկա, իսկ լարվածությունը կապված է քաղաքական շահերի հետ:
Մյուս կողմից՝ պնդել, թե Էրդողանի համար ստորագրված հուշագիրը կատարյալ պարտություն է, նույնպես ճիշտ չի լինի, քանի որ դրանով նրան, ըստ էության, հնարավորություն է ընձեռվում պատվով նահանջի, ինչը թուրք առաջնորդի համար չափազանց կարևոր է հատկապես ներքաղաքական կոնտեքստում՝ նախևառաջ հաշվի առնելով այն տնտեսական կոլապսի հեռանկարը, որում կարող էր հայտնվել Թուրքիան Մոսկվայի հետ տոտալ առճակատման պայմաններում՝ նկատի ունենալով ռուս-թուրքական համատեղ պրոյեկտների ոչ փոքրաթիվ լինելն ու նույն Ռուսաստանից Անկարայի ունեցած տնտեսական ոչ փոքր կախումը: Ի դեպ՝ տնտեսական հետաքրքրությունները կողմերի միջև փոխադարձ են, և Ռուսաստանին նույնպես ձեռնտու չէ Էրդողանի հետ բացահայտ առճակատման մեջ հայտնվելը՝ թեկուզ հենց միայն «Թուրքական հոսքի» գործոնը հաշվի առնելով, որը Մոսկվայի համար կարևոր է ոչ միայն տնտեսական շահույթի, այլև աշխարհատնտեսական իմաստով: Բացի այդ՝ Անկարայի հետ տոտալ բախման արդյունքում Ռուսաստանը կարող էր բախվել նաև մի շարք այլ մարտահրավերների (թուրքերն, ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ սպառնացել էին մահմեդական տարրի միջոցով ներսից պայթեցնել Ռուսաստանը), որոնց հաղթահարումը այդ երկրից կարող էր էական ռեսուրսներ պահանջել՝ հարվածի տակ դնելով նաև տնտեսական զարգացումը, որն ուղղակիորեն առնչվում է այդ երկրի ներքաղաքական իրավիճակին:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն, որ Էրդողանին ու Պուտինին հաջողվել է որոշակի համաձայնության հանգել, ակնհայտորեն փոքրացնում է նույն Անդրկովկասում ռազմական էսկալացիայի հավանականությունը. Ադրբեջանի կողմից իրականացված վերջին դիվերսիան ավելի շատ, թերևս, հուսահատության ճիչ է հիշեցնում, քան՝ իրական սպառնալիք՝ չնայած մյուս կողմից Մոսկվայում ստորագրված հուշագիրը բոլորովին չի պարտադրում Անկարային մոռացության մատնել ռուսական կողմի նկատմամբ իր ունեցած ճնշման լծակները, որոնցից մեկն էլ գտնվում է Բաքվում:
«Խմորը դեռ շատ ջուր կքաշի»…
Արմեն Կարեյան










