Որոշ տեղերում դեռ դավաճաններ կան, նրանք կհեռացվեն, մենք մեր դավաճաններին չենք «վառում». Հայկ Սարգսյան
Չգիտեմ, թե ով է Արա Վարդանյանի կողմից ներկայացված «իքս» մարդը և ինչ է աշխատում, կամ ինչ պաշտոն է զբաղեցնում, կարող եմ միայն ասել, որ ոստիկանությունը հանրությանը վտանգ ներկայացնող կամ քրեական գործով անցնող որևէ մեկին «ասֆալտին պառկեցնելու» համար միջնորդելու կարիք չունի և կարող է դա անել օրենքով սահմանված կարգով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքագետ Արա Վարդայանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը, որով վերջինս հայտնել էր՝ թե իրեն գործարք են առաջարկել, թե «կփռեն ասֆալտին», կնկարահանեն, Սարգսյանն արձագանքեց, թե չի կարծում, որ ոստիկանության կողմից նման գործարք կներկայացվի:
Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ նման գործողությունները շոու են, որոնցով փորձում են հանրությանը «կերակրել», պատգամավորն արձագանքեց. «Այդպես ասում են նախկին իշխանությունների կողմից հովանավորվող մի քանի նախկին «քաղաքական գործիչներ» և որոշ լրատվականներ, որոնց կարծիքը ես չեմ կիսում»:
«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի տանը կատարված խուզարկության մասին խոսելով՝ պատգամավորն ասաց, թե խուզարկության ընթացքին չի հետևել, որևէ տեղեկություն չի կարող հայտնել: «Միայն կարող եմ ասել, որ ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում, և ՀՀ-ում որևէ մեկը չի կարող հետապնդվել՝ առանց օրենքի տառը պահելու: Այս իմաստով կարող եմ ենթադրել, որ ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում»-հավելեց պատգամավորը:
Հարցին՝ նա նորմա՞լ է համարում, որ իրավապահ մարմինները ջարդում են դռները, այն դեպքում, երբ տանը երեխա կա, Սարգսյանը պատասխանեց, թե խուզարկության ձևը որոշում է ուժային կառույցը, կախված գործի առանձնահատկություններից՝ ընտրվում է մեթոդը:
Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանները հարցերին չեն պատասխանել, Սարգսյանն արձագանքեց, թե օպերատիվ ծառայություն իրականացնող ոչ բոլոր անձինք իրավունք ունեն բացատրություն տալու կամ թղթեր ներկայացնելու, հավանաբար դիմել են այնպիսի աշխատակցի, որը որևէ տեղեկություն հայտնելու իրավասություն չունի:
Հարցին՝ ինչո՞ւ խուզարկություն կատարելու՝ դատարանի որոշումը չեն ներկայացրել փաստաբաններին, Սարգսյանն ասաց, թե համոզված չէ, որ չեն ներկայացրել:
Լրագրողները նշեցին նաև, թե հասարակության մեջ խոսակցություններ կան, որ նոր Հայաստանում իրավապահ մարմինները այլ կերպ են աշխատում, ինչին պատգամավորն արձագանքեց, թե հասարակության կողմից որևէ բողոք գոյություն չունի: «Դա մի քանի լրատվական կայքեր են փորձում ստեղծել, ինքս շփվում եմ հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, որևէ բողոք գոյություն չունի»:
Հարցին՝ հասարակությունը գո՞հ է կառավարության աշխատանքից, Սարգսյանն արձագանքեց՝ շատ: «Իհարկե, լինում են բողոքներ՝ կապված որոշ գերատեսչությունների աշխատանքների հետ, որոնք շատ արագ լուծվում են նաև մեր և գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ: Բոլոր բարձրացվող հարցերը լսելի են, ընդունելի են, և դրանց լուծումները շատ արագ տրվում են»,-ասաց նա:
Լրագրողները հարց ուղղեցին նաև այն մասին, որ եթե վարչապետը դժգոհ է կադրերից, ինչո՞ւ են վերջիններս այդքան բարձր պարգևատրումներ ստանում: «Կադրային քաղաքականությունն անընդհատ պրոցես է, և կադրերի վերաբաշխումը, նոր կադրերի նշանակումը կամ որոշ կադրերի հեռացումը լինելու է մշտական, բնականոն ընթացք է: Բնական է, որ վարչապետը կառավարության աշխատակիցների մի մասից դժգոհ լինի և նրանց ժամանակի ընթացքում փոխարինի այլ աշխատակիցներով»,-ասաց նա:
Հարցին՝ վարչապետը նաև պետական դավաճանների մասին է հայտարարել, նրանք այժմ և՞ս կան, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որոշ գերատեսչություններում դեռ կան: Հեռացնելը ժամանակի հարց է: Բոլոր դավաճանները կհեռացվեն: Մենք մեր դավաճաններին չենք «վառում»»:










