Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6284-ի
Հարավային Կորեայում անցած մեկ օրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 518 նոր դեպք, ինչի հետևանքով երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6284-ի, 42-ը՝ մահվան ելքով, հայտնել է ԿՀ-ի առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (KCDC) կազմակերպությունը, գրում է ria.ru-ն։
Հարավային Կորեայում համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը բարձր մակարդակի է հասցվել։
Կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ նոր դեպքերից 367-ը գրանցվել են Տեգու քաղաքում, 123-ը՝ Քյոնսան Պուկտո նահանգում, մնացած դեպքերը՝ ամբողջ երկրի տարբեր շրջաններում: Մեկ օրում մահացել է 7 վարակակիր, ընդհանուր առմամբ՝ 42 մարդ: Ապաքինվել է ևս 20 մարդ, դուրս գրված հիվանդների թիվը 108 է։ 21 832 մարդու հետազոտությունների արդյունքները դեռևս պարզ չեն․ նրանք նույնպես կարող են վարակակիր լինել։
Արդյունքում՝ Սեուլում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 105-ի, Տեգուում՝ 4693-ի, Քյոնսան Պուկտո նահանգում՝ 984-ի, Կյոնգիդո նահանգում՝ 120-ի, Պուսանում`95-ի:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ներկա պահին Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերը հատել են 3000-ի շեմը, բուժվել է ավելի քան 52 000 մարդ: Վարակակիրների թիվն անցել է 80 հազարը:










