«Դամասկոսը համաներում չի հայտարարի ահաբեկիչների հրամանատարների և զանգվածային սպանությունների մասնակիցների նկատմամբ»․ Ասադ
Ահաբեկչական խմբավորումների հրամանատարներն ու կանխամտածված զանգվածային սպանություններ իրականացրած անձինք չեն կարող համաներում ակնկալել սիրիական իշխանություններից: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Կան դեպքեր, երբ մենք չենք կարող համաներում հայտարարել։ Դա վերաբերում է այն մարդկանց, որոնք հանցավոր արարքներ են գործել՝ դիտավորյալ սպանելով մեծ թվով մարդկանց։ Նրանց մեծ մասն ահաբեկիչների հրամանատարներն են»,- հայտնել է Սիրիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Սիրիայի նման հակամարտություններում «համաներումը պետք է լինի ներքին քաղաքականության հիմնական տարրերից մեկը»:
«Անհնար է վերադարձնել կայունությունը՝ համաներում չհայտարարելով նրանց հանդեպ, ովքեր սխալներ են գործել: Մենք դա արել ենք պատերազմի առաջին տարիներից»,-ասել է Ասադը։
«Յուրաքանչյուր ոք, ով զենք ուներ, պետք է հանձներ այդ զենքը։ Պետությունը համաներում է տրամադրել պետության և օրենքի իշխանության ներքո բնականոն կյանքին վերադառնալու պայմանով: Այս գործընթացը շատ հաջող ելք ունեցավ։ Շատ շրջաններում վերականգնվեց կայունությունը։ Մենք շարունակում ենք նույն քաղաքականությունը վարել»,- հավելել է Սիրիայի նախագահը։
Սիրիական պետության ղեկավարը վստահ է, որ հակամարտության մասնակիցների մեծ մասը ցանկանում է վերադառնալ բնականոն կյանքին, և որ նրանցից շատերը զենքն իրենց ձեռքն են վերցրել հարկադրաբար, մահվան սպառնալիքով՝ ահաբեկիչների կողմից հայտնվելով «քարոզչության ազդեցության կամ քաղաքական ճնշման տակ»:
«Նրանք երկընտրանք չեն ունեցել, մենք դա գիտակցում ենք, և ես համոզված եմ, որ նրանց մեծ մասը, ովքեր որոշել են վերադառնալ կառավարության կողմը, պատրաստ են աշխատել ի շահ պետության։ Ըստ այդմ՝ համաներումն անհրաժեշտություն է»,- հավելել է նա։










