Անկարայում հայտարարել են, որ ԵՄ-ի սահմանը հատել է ավելի քան 142 հազար փախստական
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ ավելի քան 142 հազար փախստական հատել է Եվրամիության հետ Թուրքիայի սահմանը՝ դրանք բացելու Անկարայի որոշումից հետո, գրում է ria.ru-ն։
«12։10-ի դրությամբ Էդիրնեով (Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող, Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանակից նահանգ) մեր երկիրը լքած փախստականների թիվը 142 175 է»,- Twitter-ում գրել է Սոյլուն։
Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո հայտարարել է, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը, և բացել է ԵՄ-ի հետ իր սահմանները, որից հետո Հունաստան են ուղևորվել հազարավոր փախստականներ: Սահմանին հարյուրավոր ոստիկաններ են հերթապահում, տեղակայվել են հունական բանակային ստորաբաժանումներ։
ԵՄ-ում շատերը կարծում են, որ Թուրքիան միտումնավոր փախստականներին թույլ է տալիս հատել ԵՄ-ի հետ սահմանը, որպեսզի ճնշում գործադրի և ավելի ծանրակշիռ աջակցություն ստանա Սիրիայում իր գործողությունների հարցում:










