Նախկինում երբեք բանակցությունները չեն խանգարել Ադրբեջանին՝ դիմել նման գործողությունների, նրանց մոտ ոչինչ չի փոխվել. Կարեն Վրթանեսյանը՝ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին

11:30 • 06.03.20

Ադրբեջանական զինծառայողների՝ այսօր առավոտյան ձեռնարկած դիվերսիոն ներթափացնման փորձը ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ և երեկ հակառակորդի՝ Տավուշի հատվածում իրականացրած սադրիչ գործողությունները հետևանք է նրա, որ Ադրբեջանը մնում է Ադրբեջան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Բոլոր խնդիրները, որ իրենց հետ եղել են, շարունակում են մնալ: Այսինքն՝ Ադրբեջանը թշնամի երկիր է ու իրեն համապատասխան էլ պահում է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ կարծես բանակցությունները նորմալ ընթանում են, հայկական կողմը ևս այդպես է պնդում, հակառակորդն ինչո՞ւ դիմեց ոտնձգությունների, նա ասաց. «Նախկինում երբեք բանակցությունները չեն խանգարել Ադրբեջանին՝ նման գործողությունների դիմելու, չեմ կարծում, որ հիմա ինչ-որ բան է փոխվել իրենց համար: Նախկինում էլ միշտ եղել են դիվերսիոն ներթափանցման փորձեր ու, փաստորեն, ոչինչ չի փոխվել, որևէ էական նոր բան Ադրբեջանի արածում չկա, իրենց սովորական ոճն է»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ չնայած հակառակորդի սադրիչ գործողություններին, հայկական կողմը պնդում է՝ ղարաբաղյան կարգավորման խնդիրը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդին, Վրթանեսյանը նշեց, որ ինքը չէ այդ հարցի հասցեատերը: «Ես չեմ արել այդ պացիֆիստական հայտարարությունները, ուստի չեմ էլ կարող բացատրել՝ ինչպես է հնարավոր այդ բանը, եթե հնարավորություն տեսնեի, երևի ես էլ այդ մտքին կլինեի: Գուցե իրենք տեսնում են, ես չգիտեմ՝ ինչից ելնելով են նման հայտարարություններ անում»,- ասաց նա: