«Մեր մտքերը Ձեզ հետ են». համաշխարհային առաջնորդներն իրենց լավագույն բարեմաղթանքներն են հղել ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխված Բորիս Ջոնսոնին. The Guardian
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելուց հետո, համաշխարհային առաջնորդներն իրենց լավագույն բարեմաղթանքներն են հղել վարչապետին, նրա ընտանիքին և բրիտանացի ժողովրդին, գրում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Ջոնսոնի նախորդները՝ Դևիդ Քեմերոնը և Թերեզա Մեյը, շուտափույտ ապաքինում են մաղթել ներկայիս վարչապետին, իսկ Brexit-ի հարցով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեն, որը նույնպես անձնական պայքար է մղում կորոնավիրուսի դեմ, ասել է․ «Իմ մտքերը Ձեզ և Ձեր ընտանիքի հետ են»:
«Մենք վշտացած ենք այն փաստով, որ նրան այսօր առավոտյան ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել։ Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար»,- հայտնել էր ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ խնդրել է «ԱՄՆ առաջատար դեղագործական ընկերություններին» օգնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսից բուժման հարցում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես Ջոնսոնին առողջություն է մաղթել՝ հուսալով նրան շատ շուտով կրկին տեսնել Դաունինգ սթրիթում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս դժվարին պահին իր «մտքերը վարչապետի, նրա ընտանիքի և Մեծ Բրիտանիայի ժողովրդի հետ են», ինչպես նաև հույս է հայտնել, որ Ջոնսոնն «արագ կհաղթահարի» այդ փորձությունը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Twitter-ի իր էջում գրել է. «Իմ մտքերը Բորիս Ջոնսոնի և ողջ բրիտանացի ժողովրդի հետ են։ Մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում: Դուք ունեք իտալական կառավարության և իմ աջակցությունը»։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Իսրայելի ժողովուրդն աղոթում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ մեր ընկերոջ շուտափույթ և լիարժեք ապաքինման համար»,- ասված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Twitter-ի իր էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Իմ սիրելի ընկեր Բորիս Ջոնսոն, իմ մտքերն ու աղոթքները Ձեր և Ձեր ընտանիքի հետ են այս դժվարին պահին, երբ պայքարում եք արագ վերականգնման համար: Ճապոնիայի ժողովուրդն այս դժվարին պահին աջակցում է Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,- Twitter-ի իր էջում գրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը վատթարացել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
55-ամյա Ջոնսոնին «չնահանջող ախտանշաններով» հիվանդանոց էին տեղափոխել կիրակի: Նրան պատրաստվում էին թոքերի արհեստական օդափոխման սարքին միացնել:
Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։










