ԱՀԿ-ն հայտնել է, որ աշխարհին այժմ առնվազն 5,9 միլիոն բուժքույր է հարկավոր
Ամբողջ աշխարհը նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով գոյացած իրավիճակի պայմաններում բուժքույրերի մեծ կարիք ունի․ այժմ աշխարհին առնվազն 5,9 միլիոն բուժքույր է հարկավոր, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Բուժքույրական գործի վիճակն աշխարհում, 2020 թվական» զեկույցում։
«Ամբողջ աշխարհում այժմ քույրական ծառայության առնվազն 28 միլիոն աշխատակից կա։ 2013 թվականից մինչև 2018 թվականը նրանց թիվն ավելացել է 4,7 միլիոնով, սակայն քույրական կադրերի պակասը մինչև այժմ պահպանվում է և կազմում 5,9 միլիոն, միևնույն ժամանակ բուժքույրերի կարիք ամենաշատն ունեն Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում և Արևելամիջերկրածովյան երկրների համար ԱՀԿ տարածքում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում»,- ասվում է զեկույցում, որը պատրաստվել է Բուժքույրերի միջազգային խորհրդի և «Բուժքույրական գործն այսօր» համաշխարհային ընկերության հետ գործընկերությամբ։
Զեկույցի համաձայն՝ այս խնդրին առերեսվող երկրներում կադրերի պակասը լրացնելու համար անհրաժեշտ է տարեկան միջինը ութ տոկոսով ավելացնել բուժքույրական գործ բաժինն ավարտողների թիվը։
«Քաղաքական գործիչները գիտեն, թե նման պրոֆեսիոնալ կադր ստանալն ու այն պահելը որքան արժե, սակայն միայն այժմ են շատերը հասկանում բուժքույրական գործի իրական արժեքը: Բուժքույրական գործի զարգացման գործում ներդրված յուրաքանչյուր դոլար բոլորի համար ակնհայտ ու շոշափելի արդյունք է ապահովում մարդկանց և ընտանիքների առողջության ու բարեկեցության հարցում»,- նշել է Բուժքույրերի միջազգային խորհրդի նախագահ Աննեթ Քենեդին։
Զեկույցում նաև նշվում է, որ պետությունները պետք է ֆինանսական առումով ապահովեն բուժքույրերի արագ վերապատրաստումը և նրանց համար աշխատավայրերի ստեղծման հարցը լուծեն։










