Ես չեմ որոշելու՝ հիվանդին չընդունելը սխալ է, թե ոչ․ բժիշկը հիվանդին տեղափոխելու որոշումը կայացրել է՝ իրավիճակից ելնելով. Աբովյանի ԲԿ տնօրենը՝ թոքաբորբով հիվանդին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տանելու մասին

12:16 • 07.04.20

Բնականաբար բժիշկիները տեղեկացված են եղել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, պարզապես հաշվի են առել հիվանդի ծանրության աստիճանը, դրա համար դիմել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և այնտեղ շատ ժամանակ չեն կորցրել, րոպեների ընթացքում տեղափոխությունը շարունակել են դեպի «Էրեբունի» ԲԿ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Աբովյան քաղաքի բուժկենտրոնից թոքաբորբով 47-ամյա պացիենտին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն տանելուն, որտեղ նրան չեն ընդունել:

Նշենք, որ հիվանդին այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, բայց հիվանդի վիճակը ծանր է եղել, նա մահացել է հիվանդանոց հասնելու պահին:

Հարցին, թե սխալ է համարում, որ «Գրգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չեն ընդունել հիվանդին, Վարդան Մանուկյանն ասաց, որ այդպես չի կարծում: «Ես չեմ որոշելու՝ սխալ է, թե ոչ, բժիշկը կողմնորոշվել է՝ այդ իրավիճակից ելնելով և շարունակել է տեղափոխությունը»,-ասաց նա:

Հարցին, թե չի կարծում, որ եթե «Էրեբունի» ԲԿ ավելի շուտ տեղափոխած լինեին հիվանդին, հնարավոր կլիներ նրա կյանքը փրկել, Աբովյան ԲԿ տնօրենն ասաց, որ ոչ մեկը դա չի կարող ասել, քանի որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, տեղափոխման ընթացքում էլ երևույթները խորացել են: «Բժիշկների կողմից ամեն ինչ օպերատիվ, արագ է արվել, մեքենաները հագեցած են եղել համապատասխան սարքավորումներով, թթվածնով ապահովել են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կորանավիրուս հայտնաբերվել է հիվանդի մոտ, ԲԿ տնօրենն ասաց, որ սպասում են պատասխանին: