Այն պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել և խնդիրներ են առաջացնում, պետք է համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված և չառաջացնեն հավելյալ պարտավորություն. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

13:57 • 07.04.20

Էդմոն Մարուքյանն իր ֆոյսբուքյան ուղիղ եթերում այսօր խոսեց արտակարգ դրության ընթացքում վարկային և այլ պատրավորությունների չկատարման մասին: Նա մտահոգություն հայտնեց, որ այս արտակարգ դրությունը կարող է անհաղթահարելի լինել և նման դեպքում մեր պարտավորությունների չկատարումը կարող է ոչ ընկալելի լինել մյուս կողմի համար:

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն մի քանի օր է պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսում ենք այն բոլոր պարտավորությունները, որոնք այս օրերին չեն կատարվել և խնդիրներ են առաջացնում, դրանք պետք է համարվեն անհաղթահարելի ուժի հիմքով չկատարված և հավելյալ պարտավորություն չառաջացնեն»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա այս իրավիճակում տույժերից խուսափել և դուրս գալ դժվար շրջանից: «Եթե տուժում են, ապա պետք է երկու կողմ էլ հավասար տուժի, չի լինի՝ մի կողմը տուժի, իսկ մյուսը՝ ոչ»,- ասաց նա և ներկայացնելով օրինակները՝ նշեց, որ նման բովանդակությամբ շատ դիմումներ ունեն:

Նա հույս հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կմիանան այս նախագծին և կողմ կքվեարկեն, որի արդյունքում օրենսդրությունը կհստակեցվի և այս օրերին բոլոր տուժած կողմերը հնարավորություն կունենան չճնշվելու չկատարած պարտավորությունների համար: Ըստ նրա՝ այս նախագիծը նաև թույլ կտա վեճերից խուսափել, քանի որ ստեղծված իրավիճակն անկանխատեսելի էր:

Մանրամասները՝ տեսանյութում