Ֆրանսիայում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել մեկ օրում. ТАСС
Ֆրանսիայում կորոնավիրուսից առնվազն 833 մարդ է մահացել վերջին 24 ժամվա ընթացքում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:
«Մարտի մեկից, ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում մահացել է 6496 մարդ, վերջին մեկ օրում՝ 605 մարդ: Ծերանոցներում համաճարակի բռնկումից ի վեր մահացել է 2417 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8911 մարդ»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
Վերանի խոսքով՝ կառավարությունը որոշել է զանգվածային բժշկական ստուգումներ իրականացնել ծերանոցների բնակիչների շրջանում, ինչը թույլ կտա առանձնացնել վիրուսակիրներին և մեկուսացնել՝ վարակի տարածումից խուսափելու համար:
Նա հավելել է, որ վերակենդանացման բաժանմունքներում ներկա պահին 7072 մարդ է գտնվում: Երկրում վարակակիրների թիվը հասել է 98 010-ի:










